ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՆԱՆՔ ՈՒ ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ՅԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՌԱՒԵԼ ԼԱՒ ՈՒ ՅԱՂԹԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի Կենտրոնական Վարչութեան անունից ողջունում եմ բոլորիդ, եւ մինչ բուն ելոյթիս անցնելը, խնդրում եմ մէկ րոպէ լռութեամբ յարգել մեր բոլոր նահատակների լուսաւոր յիշատակը։

Սիրելի՛ Հ.Մ.Ը.Մ.ականներ, նախ թոյլ տուէք շնորհաւորել բոլորիս Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիւ։ 106 տարի առաջ այս օրը Կ․ Պոլսում հիմնուեց այն կազմակերպութիւնը, որը բոլորիս՝ հայրենիքում թէ Սփիւռքում համախմբել է մէկ նուիրական դրօշի, առաքելութեան ու տեսլականի շուրջ, դարձել իմաստը մեր կյանքի ու գործունէութեան։ Շնորհաւորում եմ մեզ բոլորիս նաեւ Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի Հայաստանում վերահիմնադրման 35-ամեակի առթիւ, որը լրանում է այս տարի, ընդամէնը մի քանի օրից։ Անչափ ուրախ ենք մեզ համար շատ կարեւոր այս օրը մեր կողքին գտնուելու, Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի տօնական միջոցառումներին մասնակցելու համար։ 

Այո, պատմական եւ երկար սպասուած իրադարձութիւն էր Հ.Մ.Ը.Մ.ի վերահիմնադրումն Հայաստանում, եւ միշտ երախտագիտութեամբ ու խորին յարգանքով պիտի յիշենք այն մարդկանց, ովքեր 1989 թ. նախաձեռնեցին այդ գործը, փառք ու պատիւ Հ.Մ.Ը.Մ.ի մեծ ընտանիքին, աշխարհասփիւռ մեր շրջաններին, ովքեր առաջին օրերից ի վեր աջակից ու նեցուկ եղան մեզ, խանդավառվեցին եւ այդ ոգեւորութիւնը, ջերմութիւնը հիմնադրումից առ այսօր փոխանցում են մեզ: Առանց Հ.Մ.Ը.Մ.ի, առանց Հ.Մ.Ը.Մ.ի տարբեր տարիների Կենտրոնական Վարչութիւնների աջակցութեան Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպութիւնը չէր կարող կայանալ ու զարգանալ, յաղթահարել իր առջեւ ծառացած մարտահրաւէրները:

Դժուար ժամանակների ծնունդ էր Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ը, դժուար, բայց ազգային պոռթկումի, վերելքի ու յաղթանակների ժամանակների: Մենք այդ ազգայինի ու յաղթանակի պտուղն էինք՝ պատրաստ տալու նուիրականը: Եւ տուեցինք՝ Արցախում նահատակուեց Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի առաջին ատենապետ եղբ. Վարդան Բախշեանը՝ նորաստեղծ կազմակերպութեան զաւակների համար դառնալով տիպար անձնուիրութեան ու հայրենասիրութեան: Գաղափարական այս բարձր նշաձողը Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ում սահմանուեց ի վերուստ եւ դարձաւ առանցքային  դաստիարակութեան հէնք ու հիմք: 35 տարի շարունակ մենք Հ.Մ.Ը.Մ.ական ազգային ոգով եւ առաքելութեան բարձր գիտակցումով դաստիարակել ենք բազմաթիւ հայորդիների եւ այսօր հայկական կեանքի ամենատարբեր ոլորտներում կարող ենք տեսնել Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի ճանապարհով անցած, կայացած քաղաքացիների եւ առաջնորդների: Կարեւոր ձեռքբերում է մեզ համար եղել որպէս Ազգային Սկաուտական Կազմակերպութիւն, անդամակցումը Համաշխարհային Սկաուտական Շարժմանը, ձեռք բերել միջազգային կապեր, նպաստել տարբեր ազգերի մօտ Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակութեան բարձրացմանը:  Տարիներ ի վեր Հ.Մ.Ը.Մ.ական հարիւրաւոր պատանիներ ու երիտասարդներ մասնակցել են ինչպէս Համաշխարհային Սկաուտական Շարժման, այնպէս էլ համա-Հ.Մ.Ը.Մ.ական եւ Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի կազմակերպած միջոցառումների՝ ձեռք բերել գիտելիքներ, կարողութիւններ եւ հմտութիւններ:

Անցնող 35 տարիների մեր պատմութիւնը հարստացել է, կազմակերպութիւնը ամրապնդուել նաեւ տարբեր տարիների Հայաստանում անցկացուած համա-Հ.Մ.Ը.Մ.ական բանակումների եւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերի շնորհիւ: Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի տարեգրութիւնն հարստացաւ նաեւ այս օրերին՝ կապուած այն հանգամանքով, որ առաջին անգամ Հայաստանում անցկացւում է Հ.Մ.Ը.Մ.ի 11-րդ միջ-դիւանական խորհրդաժողովը: Մեզ համար միշտ պատիւ է Հայաստանում հիւրընկալել Հ.Մ.Ը.Մ.ական մեր քոյրերին ու եղբայրներին. բարով էք եկել եւ միշտ բարով գաք հայրենիք։

Թերեւս 35 տարին շատ չէ Հ.Մ.Ը.Մ.ական մի կազմակերպութեան համար, բայց այդ տարիները մեզ համար եղել են կայացումի,  քրտնաջան աշխատանքի, ձեռքբերումների, ուրախութեան ու տխրութեան արցունքի տարիներ։  Այս տարիներին մենք յաղթահարել ենք ներքին եւ արտաքին բազմաթիւ դժուարութիւններ՝ միշտ հաւատարիմ մնալով մեր որդեգրած արժէքներին։ Մարտահրաւէրներից թերեւս առանձնացնեմ կորոնա վիրուսի համավարակն ու 2020 թ․ Արցախեան 44-օրեայ պատերազմը, որը մեզանից խլեց ամենաթանկը՝ մեր Հ.Մ.Ը.Մ.ական 10 եղբայրների կեանքը։ Առհասարակ, որպէս հայրենիքում ապրող հաւաքական հայութիւն, Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի կեանքը շատ շաղկապուած է եղել Արցախում կատարուած իրադարձութիւնների եւ Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի Մեկուսի շրջանի հետ։ Մենք շնորհակալ ենք, որ Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութեան կողմից ի սկզբանէ մեզ է վստահուել Հ.Մ.Ը.Մ. Արցախի եւ Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի կայացման եւ զօրեղացման առաքելութիւնը։ Մենք սիրով ու ջանասիրութեամբ ենք կատարել այդ գործը ու միշտ պատրաստ ենք անել այն։

Այս տարիների մեր կարեւոր ձեռքբերումներից է եղել կրթական, երիտասարդական ծրագրերի, սկաուտական դասագրքերի մշակումն եւ դրանց կիրառութեան ուղղութեամբ ձեռնարկուած քայլերը։ Վստահ եմ ապագայում դրանք կը ստանան պետական գրանցում՝ որպէս ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Իսկ մեր կարեւոր խնդիրներից մէկը եղել եւ մնում է Հայաստանում սկաուտական շարքերի ընդլայնումը, կազմակերպութեան մշտական եկամուտների ապահովումը, նոր կենտրոնների ու մասնաճիւղերի հիմնումը։ Օգտուելով առիթից ես Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի անունից խորին շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր այն Հ.Մ.Ը.Մ.ականներին եւ ոչ Հ.Մ.Ը.Մ.ականներին անցնող 35 տարիներին մեզ սատարելու համար։ Առանձնայատուկ շնորահակալութիւն Հ.Մ.Ը.Մ.ի եւ Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի նախորդ բոլոր Կենտրոնական Վարչութիւններին, կազմակերպութիւնն առաջ մղած, կայացման գործում մեծագոյն աւանդ ունեցող վարչական, սկաուտական առաջնորդներին, անցնող տարիների խմբապետներին եւ սկաուտներին։ Եւ ի հարկէ բոլոր այն մարդկանց ովքեր նուիրատուութիւններով եւ ամենատարբեր եղանակներով օգնել եւ սատար են կանգնել մեզ։

Շնորհակալութիւն մեզ ու ձեզ, շնորհակալութիւն, որ երբեմն անյոյս ու խաւար թուացող օրերի մէջ չենք կորցնում մեր երազը, հաւատում ենք, որ մենք ենք լոյսը վառողները, չենք վախենում ու չենք ընկրկում, չենք դաւաճանում մեր երդումին ու խոստումին եւ վստահ ենք, որ մենք պիտի բարձրանանք ու բարձրացնենք յանուն հայութեան առաւել լաւ ու յաղթական գալիքի։