Հ.Մ.Ը.Մ.Ի ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ ԵՒ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի մեկուսի շրջանի սկաուտները 2025 տարին սկսեցին նոր գիտելիքների ձեռքբերումներով։ Յունուարին սկաուտների մօտ սկսուեց Բ. կարգի սեմինարը։

Սեմինարի շրջանակներում սկաուտները այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի։ Զուր չէ, որ սկաուտները երդւում են լինել հաւատարիմ Աստծուն։ Կրօնը մեծ դեր է խաղում սերունդ դաստիարակելու գործում, քանզի այն ձեւաւորում է բարոյական արժէքներ եւ սկզբունքներ, որոնք օգնում են ցուցաբերել օրինակելի վարքագիծ։

Փետրուարին եւս մէկ նպատակ դարձաւ իրականութիւն։ Գիտելիքների ձեռքբերման տարուան սկիզբը նշանաւորուեց նաեւ գայլիկների համար։ Նրանք յաջողութեամբ աւարտեցին «Կակուղ թաթիկ» կարգի սեմինարը։ Հիանալի մթնոլորտն անպակաս էր՝ յագեցած ազգային երգ ու պարով, սկաուտական կանչերով ու ծափերով, ինչպէս նաեւ ձեռային աշխատանքներով։

Մենք արդէն բացել ենք մոկլիների խմբեր, որոնք նախատեսուած են 3-6 տարեկան երեխաների համար։ Այստեղ փոքրիկները կը զարգացնեն թիմում աշխատելու եւ հասարակութեան մէջ համարկուելու հմտութիւններ, որոնք կ’օգնեն նրանց տարբեր ոլորտներում։

Դարձեալ Փետրուարին, Հ.Մ.Ը.Մ.ի Արցախի մեկուսի շրջանի սկաուտական աստիճանաւորական կազմը՝ ծնողական խորհրդի աջակցութեամբ, կազմակերպել էր միջոցառում Տեառնընդառաջ (Տրնդէզ) եկեղեցական տօնի կապակցութեամբ:

Միջոցառումը սկսուեց հոգեւորականի խօսքով, ով բացատրեց Տրնդէզի խորհուրդը եւ վառեց կրակը։ Այնուհետեւ միջոցառումն ամբողջացաւ ազգային պարերով ու երգերով՝ տալով իր իւրայատուկ համն ու հոտը։

Տրնդէզը խորհրդանշում է Աստուծոյ եւ մարդկութեան հանդիպումը, որտեղ Աստուած իր սիրով եւ ողորմութեամբ լուսաւորում է աշխարհը։ Կրակը, իր հերթին, խորհրդանշում է այն աստուածային լոյսը, որը մուտք է գործում աշխարհ։

Միջոցառմանը ներկայ էին Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչութիւնից, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութիւնից եւ սկաուտներից, Արցախի Կենտրոնական Կոմիտէի անդամներից, Արցախի Հ.Յ.Դ. երիտասարդական եւ պատանեկան միութիւնների անդամներ եւ սկաուտների ծնողներ։