Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի 2025-Ի ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐՈՎ

Արժի եւս մէկ անգամ փաստել, որ 2024 .ը Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի համար աւելի քան բուռն էր ու տպաւորիչ։ Այն ոչ միայն յագեցած էր սկաուտական ամենատարբեր ծրագրերով, այլեւ նշանաւորուեց Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 35-ամեակին նուիրուած յոբելենական միջոցառումներով։


Իսկ 2024-ի աւարտին՝ Դեկտեմբերի 14-19-ը, Տուբայի Al Marmoom բնապահպանական արգելոցում (Ա.Մ.Է.) կազմակերպուած սկաուտական միջազգային բանակումին Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ը մասնակցեց արիների 5 հոգանոց խմբով (պատուիրակութեան ղեկավար՝ Մարտիկ Փիլոյեան)` լինելով միակ ոչ արաբախօս պատուիրակութիւնը՝ 19 մասնակից պատուիրակութիւնների կազմում։ Բանակումը նպատակ ունէր զարգացնել երիտասարդների ֆիզիքական եւ մշակութային կարողութիւնները, կարեւորել շրջակայ միջավայրի եւ վայրի բնութեան պահպանութիւնը։


2025 թ.ի հէնց սկզբին (Փետրուարի 8-17, 2025 թ․) Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ը մասնակցեց դարձեալ Ա.Մ.Է.ում՝ այս անգամ Շարժայում կազմակերպուած 10-րդ միջազգային սկաուտական հաւաքին։ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ը ներկայացրեց Խաչիկ Թադեւոսեանը: Երէցների համար կազմակերպուած 10-օրեայ այս ծրագրի նպատակն էր մշակոյթների փոխանակումը, առաջնորդութեան զարգացումը, համագործակցութեան ամրապնդումը աշխարհի սկաուտների միջեւ։


Մէկ այլ կարեւոր ձեռնարկի՝ NEXUS միջազգային կրթական ծրագրին, Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ը մասնակցեց Մարտի 5-9-ը ՝ Ալպանիայի Շկոտրա քաղաքում։ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 7 քոյրերից կազմուած պատուիրակութիւնը ղեկավարում էր Արմաւիրի «Վ․ Բախշեան» մասնաճիւղի ատենապետուհի Նարէ Խլղաթեանը։ Ծրագիրը եզակի հնարաւորութիւն էր մեր մասնակիցների համար՝ զարգացնելու առաջնորդական հմտութիւններն ու աւելի լաւ ճանաչելու սկաուտութեան ուժը:


5-օրեայ ծրագրի ընթացքում Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի քոյրերը մասնակցեցին առաջնորդութեանը վերաբերող թիմային աշխատանքների, զարգացրին ռազմավարական մտածողութիւնը, հաղորդակցական հմտութիւնները։ NEXUS միջազգային կրթական ծրագրի շրջանակներում Հ.Ս.Շ. Եւրոպական տարածաշրջանի աջակցութեամբ հրատարակուեցին նաեւ սկաուտական ուղեցոյցներ, որոնց՝ անգլերէնից հայերէն թարգմանութիւնն ու խմբագրական աշխատանքը վերապահուած էր Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ին, ինչն իրականացուեց ամենայն պատասխանատուութեամբ, յաւուր պատշաճի։


Միջազգային այս բոլոր ծրագրերի ընթացքում կազմակերպուած մշակութային օրուան շրջանակում հայ սկաուտները ներկայացրին ո՛չ միայն Հայաստանի պատմութիւնը, երգն ու պարը, այլեւ ազգային խոհանոցը՝ օտար մասնակիցներին հիւրասիրելով մեր աւանդական ուտեստներն ու անուշեղէնը։


Միջազգային բոլոր ձեռնարկներին մասնակցելով՝ Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի սկաուտներն իսկապէս ձեռք բերեցին ո՛չ միայն փորձառութիւն, այլեւ նոր գիտելիքներ, կապեր եւ հնարաւորութիւններ ՝ առաջ տանելու մեր կարգախօսը՝ «Բարձրացի՛ր-բարձրացրու»։